Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կանցկացնի Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։
Մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկու ամիս շարունակ կիրականացվեն երկու տասնյակ համերգային ծրագրեր և միջոցառումներ: Ներկայացվելու են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև համաշխարհային և հայկական պրեմիերաներ: Փառատոնի ընթացքում հանդես կգան մեծահամբավ երաժիշտեր:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ նշեց, որ փառատոնն այս տարի կանցկացվի «Կյանքիս մեծագույն սերը` Հայրենիք» կարգախոսի ներքո: Անդրադառնալով փակման համերգին, ՀՊԵՆ-ի ղեկավարն ասաց, որ այն հետաքրքիր է լինելու հնչողությամբ և ձևաչափով: Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Ջազային մշակումներ կլինեն «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, և ոչ միայն:
«Խաչատրյանի երաժշտության մեջ փոփոխություններ շատ չեն լինելու, բարձրարժեք երաժշտությունը հեշտ է ձևափոխվում, դա փաստ է: Դեկտմբերի 5-ին հանդիսատեսը հնարավորություն կունենան դա լսելու»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:
Պատանի հանդիսատեսը փառատոնի համերգներին կմասնակցի անվճար: Բացառիկ այս հնարավորությունն ընձեռել են փառատոնի հովանավորները:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Նվագախմբի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը, «Լուդինգ» ընկերությունը` ի դեմս Արթուր Վարժապետյանի։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ